Անծայրածիր օվկիանոսի մեջտեղում մի փոքր, միայնակ կղզի էր վեր խոյանում: Նա իսկապես միայնակ էր և տխուր: Իր ամենօրյա զբաղմունքն էր հետազոտել ափը, ավելի ճիշտ այն ամենը, ինչը որ ալիքները բերում էին ափ:

Հիմնականում դա ծառի կտորտանքներ էին, զարմանահրաշ խխունջներ և տարատեսակ առարկաներ, որոնց կիրառումը նա նույնիսկ չէր էլ իմանում, այդ պատճառով ինքն էր հորինում, թե ի՞նչ էր դա իրենից ներկայացնում առաջ: Նա մտորում էր, թե ի՞նչ էր գտնվում այնտեղ՝ հորիզոնում, անծայրածիր օվկիանոսում: Եվ, չգիտես ինչու, նա համոզված էր, որ իմանալով, թե ինչ է գտնվում հեռվում, նա ձեռք կբերի խաղաղություն և հանդարտություն:

Անցնում էին օրեր: Եվ ահա մի օր, մի լեռնային գետակում, որը միանում էր օվկիանոսին, նա հայտնաբերեց թափանցիկ քարեր, որոնք տարբեր գույներով էին փայլում: Նրանք վառ փայլում էին և շողեր արձակում: Օվկիանոսը երբեք նման բան չէր բերել և կղզին հասկացավ, որ դա գտնվում էր հենց ի՛ր մեջ: Բայց ինչու՞ նա երբեք չէր նկատում նրանց:

Այդ օրվանից կղզու ուշադրությունը ուղղվեց հենց իր վրա: Կղզին ամեն օր ինքն իրեն հետազոտում էր և ամեն մի նոր օրը նոր բացահայտումներ էր բերում: Բարձր ժայռոտ լեռները, անանցանելի կանաչ անտառները, թափանցիկ գետերը՝ այդ ամենը կար վաղուց, բայց նա երբեք նրանց չէր էլ նկատում, կարծես երբեք էլ չեն եղել: Կղզին ինքն իրեն նորովի էր հետազոտում, ճանաչելով և հասկանալով, թե ինչպիսի ներքին գեղեցկություն ունի նա և թվում էր, որ օվկիանոսն էլ է իրեն հետազոտում մեծ հետաքրքրությամբ:

Ինքն իր համար հետաքրքիր դառնալով, նա իրեն շրջապատող օվկիանոսի համար էլ դարձավ հետաքրքիր: Միգուցե հիմա էլ նա որևէ մեկի համար թվա միայնակ, բայց դա այդպես չէ: Ինքն իրեն հետազոտելով նա ավելի լավ սկսեց հասկանալ իրեն շրջապատող աշխարհը, տեսնել նրա գեղեցկությունը և իդեալական կատարելությունը, այն ամենը, ինչը մի ժամանակ թաքնված էր նրա համար, դարձավ պարզ և գեղեցիկ: Կղզին կիսվելու, պատմելու և ցուցադրելու բան ուներ, այդպե՛ս նա դարձավ երջանիկ:

—Ձեր մեջ բացահայտեք ներքին գեղեցկությունը և կիսվեք նրանով բոլորի հետ, — կարծես շշնջում էր փոքրիկ կղզին:

Ռուսերենից թարգմանեց Անի Եիսսաղոլին

Նյութի աղբյուրը՝ այստեղ․․․