Մոսկվայի դպրոցներից մեկում մի տղա դադարել էր հաճախել դասերին: Մի շաբաթ չի գնում, երկու շաբաթ … Լևոնը հեռախոս չուներ, և դասընկերները, ուսուցչուհու խորհրդով, որոշեցին տուն գնալ: Դուռը բացեց Լևոնի մայրը: Նրա դեմքը շատ տխուր էր: Տղաները ողջունեցին և երկչոտ հարց

-Ինչո՞ւ Լևոնը դպրոց չի գալիս:

Մայրիկը տխուր պատասխանեց.

-Նա այլևս չի սովորելու ձեզ հետ: Նրա վիրահատությունը անհաջող է անցել։ Լևոնը կուրացել է և ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում …

Տղաները լռեցին, միմյանց նայեցին: Հետո նրանցից մեկն առաջարկեց.

-Մենք հերթով նրան կտանենք դպրոց:

-Եվ տուն կբերենք :

-Նաև կօգնենք դասերն անել, — միմյանց ընդհատելով` ասում էին դասընկերները:

Մայրիկի աչքերը արցունքով լցվեցին: Նա ընկերներին սենյակ տարավ: Մի փոքր անց Լևոնը խարխափելով մտավ հյուրասենյակ. աչքերը վիրակապված էին: Տղաները սառեցին: Միայն հիմա նրանք իսկապես հասկացան, թե ինչ դժբախտություն է պատահել իրենց ընկերոջը: Լևոնը հազիվ ասաց.

-Բարև:

Բոլորն, առանց իրար հերթ տալու, սկսեցին բղավել.

-Ես վաղը կգամ քո հետևից և քեզ դպրոց կտանեմ:

-Իսկ ես կպատմեմ, թե ինչ ենք անցել հանրահաշվից:

-Իսկ ես պատմությունից:

Լևոնը չգիտեր` ում լսեր, միայն տարակուսած գլուխն էր շարժում: Մոր աչքերից արցունքներ էին հոսում:

Հեռանալուց հետո տղաները պլան կազմեցին. ով երբ է այցելում, ով որ առարկան է բացատրում, ով պետք է զբոսնի Լևոնի հետ, ով ուղեկցի դպրոց: Դպրոցում Լևոնի հետ նույն նստարանին նստող տղան ցածրաձայն պատմում էր այն, ինչ ուսուցիչը գրատախտակին էր գրում: Եվ ո՜նց էր դասարանը քարանում, երբ Լևոնը դաս էր պատասխանում: Ինչքան էին ուրախանում, երբ Լևոնը հինգ էր ստանում, նույնիսկ ավելի, քան իրենց գնահատականի ժամանակ:

Լևոնը լավ էր սովորում: Դասարանը նույնպես սկսեց ավելի լավ սովորել: Որպեսզի դասը բացատրեք կարիքավոր ընկերոջը, դուք պետք է այն շատ լավ իմանաք: Եվ տղաները ջանք չէին խնայում։ Դրանից բացի ձմռանը նրանք սկսեցին Լևոնին սահադաշտ տանել: Տղան շատ էր սիրում դասական երաժշտությունը, և դասընկերները նրա հետ գնում էին սիմֆոնիկ համերգների:

Լևոնն ավագ դպրոցը ավարտեց ոսկե մեդալով, հետո ընդունվեց համալսարան: Այնտեղ էլ գտնվեցին ընկերներ, որոնք նրա աչքերը դարձան: Համալսարանից հետո Լևոնը շարունակեց ուսումը և, ի վերջո, դարձավ աշխարհահռչակ մաթեմատիկոս, ակադեմիկոս Պոնտրյագինը:

Լևոն Սեմյոնովիչ Պոնտրյագին` սովետական մաթեմատիկոս, 20-րդ դարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկն է: Նա նշանակալի ներդրում է ունեցել հանրահաշվական և դիֆերենցիալ տոպոլոգիայի, տատանման տեսության, փոփոխությունների հաշվարկման, վերահսկման տեսության մեջ: Ամբողջ աշխարհում Պոնտրյագինի դպրոցի աշխատանքները մեծ ազդեցություն ունեցան հսկողության տեսության մշակման և տատանումների հաշվարկի զարգացման գործում:

Ռուսերենից թարգմանեց Էլեն Զարգարյանը:

Նյութի աղբյուրը` այստեղ